Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1888 թվականին հաստատվել է ՎենետիկիՂազար կղզում, շարունակել ուսումնառությունը։ 1895 թվականին դարձել է Մխիթարյան միաբանության անդամ, սկսել գրական-թարգմանական և մանկավարժական գործունեությունը։ Նախապես գրել է գրաբար, ապա անցել աշխարհաբարի՝ դառնալով վերջինիս հետևողական պաշտպանը։ Թարգմանել է եվրոպական դասական և իր ժամանակի բանաստեղծների շատ երկեր, այդ թվում՝ Հոմերոսի«Իլիական»-ը 1911 թվականին և «Ոդիսական»1924 թվականին, Վիրգիլիոսի«էնեական»-ը 1910 թվականին և «Մշակականք»-ը 1923 թվականին, Սոֆոկլեսի «Իդիպոս թագավորը» 1927 թվականին, Հորացիոսի «Արվեստ քերթողական»-ը 1923 թվականին «Ռոլանդի երգը» 1925 թվականին ֆրանսիական և «Նիբելունգների երգը» 1925 թվականին գերմանական դյուցազնավեպերը են։
Աշխատակցել է Մխիթարյան պարբերականներին («Բազմավեպ», «Մխիթար», «Գեղունի», եղել է նաև վերջինիս խմբագիրը), հրատարակել բանաստեղծություններ, թարգմանություններ, գրականագիտական ու լեզվաբանական հոդվածներ։ Ղազիկյանը զարգացման նոր աստիճանի է հասցրել արևմտահայ բանաստեղծական լեզուն։ Հայերենի անաղարտության ջատագով լինելու համար ստացել է «պահապան հրեշտակ հայ լեզվի» մականունը։ Հայերեն է դասավանդել Մխիթարյանների մի շարք դպրոցներում, գլխավորապես Վենետիկում (Մուրադ-Ռափայելյան վարժարան) և Կ․ Պոլսում։ Միաբանության հանձնարարությամբ 1898 թվականից զբաղվել է Զարբհանալյանի «Հայկական մատենագիտության» խմբագրման ու լրացման գործով, որը վերածվել է ինքնուրույն մատենագիտության ստեղծման։ Աշխատանքը տևել է 14 տարի, հրապարակել է մաս առ մաս 1909 թվականից 1914 թվականը «Հայկական նոր մատենագիտություն և հանրագիտարան հայ կյանքի» վերնագրով։ Ընդգրկում է հայ տպագիր գիրքը 1512 թվականից մինչև 1905 թվականը։ Կազմված է հեղինակների ազգանունների (հին հեղինակների անունների) և մասամբ վերնագրերի այբբենական կարգով։ Նյութերի ընդգրկման համեմատական լրիվությամբ, տեղեկատվության ճշգրտությամբ և բազմակողմանիությամբ Ղազիկյանի աշխատությունը մեծարժեք ներդրում է հայ տպագիր գրքի մատենագիտության ասպարեզում։ Ըստ Ղազիկյանի ծրագրի՝ մատենագիտությունը պետք է ընդգրկեր նաև այլալեզու հայագիտական գրականությունը և ամբողջ հայ պարբերական մամուլը։ Մեծ եղեռնի օրերին Պարտիզակում կորել է ձեռագրերի շարունակությունը, և հրատարակությունն ընդհատվել է Ն տառի սահմանում (Նուրիխան տերմինով)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 23)։